Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին եւ ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Անդրե Էվրարին: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՊՆ մամուլի ծառայությունից՝ հանդիպման սկզբում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել նորանոր հաջողություններ:
Օհանյանը նշել է, որ հայ-ֆրանսիական ջերմ եւ բարեկամական հարաբերությունները պահանջում են, որպեսզի հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներին զուգահեռ զարգանա նաեւ համագործակցությունը պաշտպանական բնագավառում:
Դեսպան Ռենոն հաստատել է պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգացնելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցել հայկական կողմին զինծառայողների կրթության եւ վերապատրաստման հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնվող այլ հարցեր:





























