«Հրապարակը» գրում է. «Քանի որ որոշ ԲՀԿ-ականներ փրփուրը բերաններին հերքում են մեր երեկվա լուրը, որոշ մանրամասներ ենք ներկայացնում երեքշաբթի օրը «կանյաչնիում» տեղի ունեցած ԲՀԿ հավաքի մասին: Այն տեւել է մոտ կես ժամ. Ծառուկյանը ԲՀԿ ակտիվին տեղեկացրել է, որ բանակցությունները Սերժ Սարգսյանի հետ`  նրան սատարելու շուրջ, շարունակվում են, մոտ օրերս իրենք եւս մեկ անգամ կհանդիպեն ու կորոշեն իրենց անելիքը:

Ասել է, որ ԲՀԿ-ն ունի 3 տարբերակ. նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով, սատարել Սերժ Սարգսյանին, գրավել չեզոք դիրք` դաշտն ազատ թողնելով: «Շեֆը հակված էր Սերժ Սարգսյանին սատարելու տարբերակին»,- ասաց հավաքի մասնակիցներից մեկը:

«Իսկ եթե այնպես ստացվի, որ ԲՀԿ-ն որոշի ինքնուրույն գնալ, ո՞վ է լինելու ձեր թեկնածուն» հարցին պատասխանեց. «Բացառապես ինքը` Ծառուկյանը, ուրիշ ոչ մեկը. խոսք լինել չի կարող ոչ Օսկանյանի, ոչ էլ Քոչարյանի մասին: Բայց դե, Ծառուկյանն անչափ ջերմ էր խոսում Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու մոմենտով»: Ջերմ մթնոլորտն անքան է տպավորել ԲՀԿ-ականներին, որ նրանք չեն առարկել «շեֆին»:

Իսկ Վարդան Օսկանյանը,  մի քանի րոպեանոց ելույթ է ունեցել՝ «ոչ նալին, ոչ մեխին» տարբերակով, ինչն էլ զարմացրել է ԲՀԿ-ականներին, որովհետեւ մինչ այդ քաղխորհրդում հնչած նրա ելույթները շանթ ու կայծակ են եղել:

Ծառուկյանն այդ հավաքի ժամանակ խոսել է նաեւ 6 նախարարական պորտֆելների` կառավարության երեսուն տոկոսն իրենց տալու մասին, սակայն ոչինչ չի ասել վարչապետի մասով: Ներկաները լավ չեն «ջոկել», թե ինչու: Սակայն լավատեղյակները պնդում են, որ «Բարգավաճն» ստիպված կլինի զիջումների գնալ, որովհետեւ եթե Եվրասիական միության եւ երկու միլիարդի հարցը լուծվեց, Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ կստեղծվի: