Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի հատվածում երեկ` սեպտեմբերի 20-ին ժամը 22.20-ի սահմաններում վրաերթի է ենթարկել ԱՄՆ քաղաքացի 36-ամյա Արմեն Չախլոյանին, ով ավելի ուշ մահացել է: Իսկ վրաերթի ենթարկողը նրան թողնելով անօգնական վիճակում դիմել է փախուստի:Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Վաղարշապատի բաժնից:
Վրաերթի ենթարկվածը գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ ընդունվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վաղարշապատի բժշկական կենտրոնից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ նա «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: ԱՄՆ քաղաքացի Արմեն Չախլոյանը ժամանակավորպես էր եկել Հայաստան եւ բնակվում էր Արարատի մարզի Գեղանիստ գյուղում: Վրաերթի վայրից 1.5 կ.մ հեռավորության վրա` կիսակառույց շինությունների հարեւանությամբ հայտնաբերվել է «ԲՄՎ» մակնիշի 11 ԼՕ 700 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակին ամբողջովին վնասված եւ արյունոտված է եղել: Իսկ ավելի ուշ հայտնաբերվել է վրաերթ կատարողը` Գագիկ Սեկոյանը:





























