Մասնագիտական հիվանդություններով տառապող օդաչուները պահանջում են վերադարձնել  6 տարվա փոխհատուցումը: Նման պահանջով քաղաքացիական նախկին օդաչուները սեպտեմբերի 21-ին հավաքավել են Հայաստանի նախագահի նստավայրի մոտ: Ինչպես փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը, ակցիան, որին մասնակցել է երկու տասնյակ մարդ, տեւել է մոտ մեկ ժամ:

2003 թ-ի ապրիլին «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերության հարկադիր սննկացման պահին Հայաստանում հաշվարկվել է 108 հաշմանդամ օդաչուներ` մասնագիտական հիվանդություններով, ովքեր տարբեր ժամանակներ աշխատել է քաղաքացիական ավիացիայում: 

Առողջությանը հասցված վնասի համար նրանք պետք է ստանային  աշխատավարձի 60-70 տոկոս չափով փոխհատուցում: «Սակայն վերջին 6 տարիների ընթացքում մենք ոչինչ չենք ստացել»,- հայտնել է ցուցարարներից մեկը: Նրա խոսքով, նախկին գործընկերների հետ  (108-ից մնացել են 69-ը) երկու հայց են ներկայացրել, որոնցից վերջինը վերջերս մերժվել է Վռճաբեկ դատարանի կողմից: Որոշվել է ակցիան կրկնել ամեն ուրբաթ առավոտյան: