Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Մարտիրոս Սարյանի պուրակում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած տոնական հավաքին երեկ մասնակցել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա նաեւ փոքրիկ ելույթ է ունեցել: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Տեր-Պետրոսյանը, սակայն, որեւէ բան չի ասել առաջիկա նախագահական ընտրություններում իր առաջադրման վերաբերյալ: Կոնգրեսի` ՀՀ նախագահի թեկնածուի հարցը շարունակում է անորոշ մնալ: Անորոշ է նաեւ սեպտեմբերին խոստացված ՀԱԿ հանրահավաքի հարցը: Ու թեեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը դեռ շաբաթներ առաջ մեր թղթակցին ասել էր` չկասկածեք, որ խոստացված հանրահավաքն իրողություն կդառնա, Կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն օրերս հայտարարել էր, որ հանրահավաքը, թերեւս, հոկտեմբերին կլինի:

Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը, սակայն, մեր թղթակցին վստահեցրել է, որ հանրահավաքի օրը դեռ որոշված չէ: Կոնգրեսում սպասում են Տեր-Պետրոսյանի որոշմանը: Իսկ որոշումը, ամենայն հավանականությամբ, կկայացվի հոկտեմբերին»,- գրում է «Հայկական ժամանակը»: