Երեւանի Մելիք-Ադամյան փողոցի թիվ 2 շենքի տանիքում  այսօր` սեպտեմբերի 22-ին բռնկված հրդեհի հետեւանքով 10 քառակուսի մետր տանիք է այրվել:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ ճգնաժամային արագ արձագանքման կենտրոնի պետի տեղակալ Էմիլ Ավետիսյանը:

Հարցին, թե ինչն է եղել հրդեհի բռնկման պատճառը եւ հնարավոր է, որ միտումնավորություն լինի, Էմիլ Ավետիսյանը արձագանքեց. «Ոչ նման բան չկա: Շինարարական աշխատանքներ են գնում եւ ամեն ինչից էլ կարող էր հրդեհ բռնկվել»: Բարեբախտաբար զոհեր եւ տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը եւս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե հրդեհը ինչից է բռնկվել, քանի որ այդ ուղղությամբ դեռեւս աշխատանքներ են տարվում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 11.27-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մելիք Ադամյան փողոցում այրվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շենքի տանիքը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել էին, որ հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ ՃԿ արագ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.02, մարվել՝ 12.06-ին: Այրվել են շենքի տանիքի փայտյա կառուցատարերը եվ ջերմամեկուսիչ շերտը (10 քմ):

Հիշեցնենք, որ Երեւանի Մելիք-Ադամյան փողոցի թիվ 2 շենքի տանիքում մայիսի 22-ին, ժամը 17.45-ի սահմաններում եւս հրդեհ էր բռնկվել: Գրասենյակը դրանից հետո վերանորոգման մեջ էր: