Հայաստանը շահագրգռված է է՛լ ավելի խորացնելու եւ ընդլայնելու Ֆրանսիայի հետ համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում: Այս մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանն ընդունելով հեռահաղորդակցության ոլորտում հայտնի ֆրանսահայ գործարար Սերժ Չուրուկին եւ նրա հետ Հայաստան ժամանած ֆրանսիացի խոշոր գործարարներից բաղկացած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին նախագահի լրատվական ծառայությունից:

Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ամենատարբեր՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարական աշխատանքների, արտադրանքի, արդյունաբերության, առեւտրային խոշոր կենտրոնների կառուցման, շահագործման եւ մի շարք այլ ոլորտներ ներկայացնող հեղինակավոր գործարարներ, ովքեր Ֆրանսիայի տնտեսական եւ քաղաքական կյանքում կարեւոր տեղ են զբաղեցնում: Հանրապետության նախագահը ողջունել է պատվիրակության այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ Հայաստանն ունի ջերմ, բարեկամական եւ առանձնաշնորհյալ հարաբերություններ: Հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը, Սերժ Սարգսյանի ընդգծել է, որ պայմանավորված է թե՛ պատմական սերտ առնչություններով, թե՛ երկու երկրների եւ ժողովուրդների մտերմության համար յուրօրինակ կամուրջ հանդիսացող ֆրանսահայ համայնքով: Հայաստանում եւ ամբողջ աշխարհում հայերը, ըստ Նախագահի, սիրում են Ֆրանսիան, Ֆրանսիայի հարուստ մշակույթն ու արժեհամակարգը: Նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 20 տարիներին երկկողմ հարաբերություններում մեծ առաջընթաց է արձանագրվել, եւ Հայաստանը շահագրգռված է է՛լ ավելի խորացնելու, ընդլայնելու Ֆրանսիայի հետ համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում:

Սերժ Չուրուկն էլ շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ հյուրընկալության համար եւ ընդգծել, որ ինքն ու ճանաչողական այցով Հայաստան ժամանած եւ արդեն հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին քաջատեղյակ իր ընկերները հենց այդ նպատակով են այցելել Հայաստան: Ֆրանսահայ հեղինակավոր գործարարը ընդգծել են, որ իրենք ցանկանում են այցի շրջանակներում տեղում ծանոթանալ Հայաստանի տնտեսությանը, ներդրումային միջավայրին եւ առկա ծրագրերին: Հանդիպումների ժամանակ քննարկել է նաեւ Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական նոր ձեռնարկությունների ու ներդրումների ներգրավման հնարավորությունները՝ այդպիսով նպաստելով երկկողմ առեւտրատնտեսական կապերի առավել ընդլայնմանն ու խորացմանը: Նախագահը ֆրանսիացի գործարարներին ներկայացրել է  նաեւ մեր երկրի տնտեսության առաջնահերթությունները, ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերը, իրականացվող բարեփոխումները, Հայաստան-Եվրամիություն հաջողությամբ զարգացող համագործակցությունը: