Արագածոտնի մարզում երեկ՝ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 28-ամյա Մարինե Աբրահամյանի, 26-ամյա Էդիկ Մաթեւոսյանի եւ 29-ամյա Ռուզաննա Վարդանյանի վիճակը բժիշկները ծանր են գնհատում: «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանցման բաժանմունքից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ 28-ամյա Մարինե Աբրահամյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 29-ամյա Ռուզաննա Վարդանյանի վիճակը թեեւ ծայրահեղ ծանր չէ, սակայն լուրջ կոտրվածքներ ունի, որը կարող է բարդություններ առաջացնել: «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից էլ հայտնեցին, որ 26-ամյա Էդիկ Մաթեւոսյանի վիճակը ծանր կայուն է:
NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Արագածոտնի մարզում երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 18:30-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհին OPEL մակնիշի 91 RV 001 համարանիշի ավտոմեքենան Թալիշ գյուղի հատվածում, դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ շուրջ 30 մետր գլորվել ձորը: Վթարի հետեւանքով մահացել էր Մասիս քաղաքի բնակիչ, 31-ամյա Արաքսյա Աբրահամյանը եւ Արարատի մարզի Շամպայն գյուղի բնակիչ 24-ամյա Սասուն Գալստյանը: Իսկ Մասիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Մարինե Աբրահամյանը, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 26-ամյա Էդիկ Մաթեւոսյանը եւ 29-ամյա Ռուզաննա Վարդանյանը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վիրավոր Մ. Աբրահամյանը մահացած Ա. Աբրահամյանի քույրն է, իսկ վիրավոր Էդիկ Մաթեւոսյանն ու մահացած Սասուն Գալստյանը աշխատում էին Ոստիկանության Էրեբունու բաժնում: Դեպքի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:





























