Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հարցումներ է անցկացրել եւ պարզել, թե ընդդիմադիր ամենահավանական թեկնածուն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Ադիբեկյանն այսօր` սեպտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, թե հարցումն անցկացրել է Հայաստանի մարզերի 1650 ընտրողների շրջանում:
Հարցածների 30,4 տոկոսը որպես ընդդիմության միասնական նախընտրելի թեկնածու դիտարկում է Ծառուկյանին, 10,1 տոկոսը` Ռոբերտ Քոչարյանին, 8,7 տոկոս ստացել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, 4 տոկոս` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, 3.4 տոկոս` Վահան Հովհաննիսյանը, իսկ 2.5 տոկոս` Արմեն Ռուստամյանը:
Ըստ Ադիբեկյանի, ամենաանցանկալի թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ով որեւէ շանս չունի ընդդիմության միասնական թեկնածու դառնալու, իսկ ՀԱԿ-ի կողմից առաջադրվելով պարտություն է կրելու:
Նշենք, որ օրեր առաջ Ադիբեկյանը ասուլիսում հայտարարել էր, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ծանոթանա իր թվերին, չի առաջադրվի: «Եթե նա ծանոթանա իմ թվերի հետ, ապա չի առաջադրվի: Նրա վարկանիշը թույլ չի տալիս հավակնել անցողիկ դիրքերի»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:



























