Հայաստանում ընտրողներին կաշառելու մասին հայտարարությունները պետք է ապացուցելի լինեն: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 24-ին, լրագրողներին հայտնել ենԵվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության անդամները, ովքեր սեպտեմբերի 9-23-ը հետեւում էին Հայաստանի ՏԻՄ  ընտրությունների ընթացքին: Հայաստանում առաքելության անդամները մի շարք խախտումներ են նկատել, բայց դրանք իբրեւ կաշառք որակելը ճիշտ չեն համարում` առանց մանրամասն ապացույցների առկայության:

Ինչպես լրագրողներին ասել է պատվիրակության ղեկավար Անրի Ֆերալը, կատարելագործման կարիք ունի ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովների ղեկավարների նախապատրաստումը, ինչպես նաեւ ընտրատեղամասերի տեխնիկական ապահովումը:  Մասնավորապես, խոսքը անդամալույծի սայլակների թեքահարթակների մասին է, չնայած որ մի շարք  տեղամասերում նման հարմարանքներ եղել են: «Այսօր մենք հանդիպել ենք Հայաստանի տարածքային կառավարման նախարարի հետ եւ նրան ներկայացրել ընտրությունների մեր գնահատականը, որն, ընդհանուր առմամբ, բավարար է», – նշել է պատվիրակության ղեկավար Անրի Ֆերալը:

Հիշեցնենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Հայաստանում  ընթացել են սեպտեմբերի 9-23-ը: