Հայաստանում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նորմալ են ընթացել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` գնահատելով սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
Շարմազանովի խոսքով` ամենակարեւոր գործոնը մրցակցության առկայությունն էր. «Կայացել են թափանցիկ ընտրություններ, եւ այդ պլանում դրանք մեկ քայլ առաջ էին»: Ամփոփելով արդյունքները` Շարմազանովը նշել է, որ ընտրություններն այդ բնագավառում առաջընթացի վկայություն դարձան: «Իհարկե, ինձ համար շատ ուրախալի էր, որ ՀՀԿ-ական թեկնածուների ճնշող մեծամասնությունն արժանացավ ընտրողների վստահությանը: Նախագահական ընտրություններից առաջ պարզ դարձավ, որ ամենաազդեցիկ քաղաքական ուժը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է», - ամփոփեց Շարմազանովը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 23-ին երկրի 5`Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում`քաղաքային եւ գյուղական 318 համայնքներում, կայացել են ՏԻՄ ընտրություններ: 262 համայնքներում ընտրել են ղեկավարների, 281-ում`ավագանու անդամների:



























