Ընդդիմության միասնական թեկնածուի մասին Ահարոն Ադիբեկյանի հարցումը ոչ այլ ինչ է, քան զավեշտ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը` մեկնաբանելով Ահարոն Ադիբեկյանի «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի հարցման արդյունքները` ընդդիմության միասնական թեկնածուի մասին:
1650 հարցվածների 30,4%-ը հավանական թեկնածու էր համարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, 10,1%-ը` Ռոբերտ Քոչարյանին, 8,7% -ը` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, 4% -ը` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, 3,4 եւ 2,5%-ը համապատասխանաբար Վահան Հովհաննիսյանին եւ Արմեն Ռուստամյանին:
«Այս հարցումը, անկասկած, կայացել է նախագահի աշխատակազմում: Հակառակ դեպքում դժվար է պատկերացնել նրա հրապարակման իմաստը: Անհասկանալի է, թե ինչու են Ծառուկյանին ընդդիմության շարքին դասում: Նա իրեն այլընտրանք է համարել, սակայն հայտնի չէ, թե ում է այլընտրանք: Եթե ընդդիմությունը միավորվի եւ որոշի առաջադրել Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, ապա նա Արթուր Բաղդասարյանի տխրահռչակ դերը կխաղա»,-նշել է Մակեյանը:




























