Հայաստանի ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրը մեծ հավակնություններ ունի, կասկածում եմ, որ հնարավոր կլինի միասնական թեկնածուի առաջադրումը: Նման կարծիք է հայտնել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Մեկնաբանելով արդյունքները, որոնք վերջերս ներկայացրել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ընտրազանգվածի նախապատվության ուսումնասիրության վերաբերյալ, որի համաձայն ընդդիմության կողմից առաջադրված ընդհանուր նախընտրելի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է` Սարգսյանը առաջարկել է «Ադիբեկյանի ուսումնասիրությունները թողնել իր խղճի վրա»:
Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է գոյություն ունեցող համակարգերի մասին, որոնք զբաղվում են նախնական «անհրաժեշտ» արդյունքների ներկայացմամբ, որոնք ի վերջո վերջնական են դառնում:Նրա խոսքով, քաղաքական այս գործչի «ընդդիմադիրությունը» զարմանք է առաջացնում, հաշվի առնելով, որ նախկինում «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմադիրների շարքերում չկար եւ կոալիցիայից դուրս գալը դեռ բավարար չէ: Անհրաժեշտ է մի քանի տարի, որպեսզի հասկացվի այս կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը եւ նպատակները, նշել է ՀԴԿ-ի առաջնորդը: Նա հիշեցրել է, որ ԲՀԿ-ն մի քանի տարի եղել է իշխող խմբի մի մասը, եւ «հանկարծ» խնդիրներ տեսավ: «Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել , որ ունեւորները հազիվ թե կարողանան մինչեւ վերջ գնալ: Նրանք կախված են իրենց ունեցվածքից»,- նկատել է Արամ Սարգսյանը:
Խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության հնարավոր առաջադրման մասին` քաղաքական գործիչը ասել է, որ դժվար է պատկերացնել նախկին նախագահին «միավորող» թեկնածուի դերում: «Ավելի ճիշտ` քայքայողի դերում»,-հստակեցրել է Սարգսյանը: Նրա խոսքով, Քոչարյանը իր թեկնածությունը կառաջադրի միայն դեպքում, եթե ընտրվելու իրական հնարավորություն ունենա: Իսկ եթե կասկածի, նա այդ քայլին չի դիմի:




























