Առաջիկա հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «ՀՀ Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքը: Ազգային ժողովն այս օրենքն ընդունել է ընթացիկ տարվա փետրվարի 9-ին, իսկ հանրապետության նախագահն իր ստորագրությամբ այն վավերացրել է մարտի 1-ին: Օրենքի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես հայտնի է, ոստիկանությունն արդեն սկսել է զինաթափել թիկնապահական գործունեություն կատարող մասնավոր անձանց:
«Տարեսկզբից ուժի մեջ մտնող այս օրենքը ոչ միայն մասնավոր թիկնապահական գործունեությունն է բերելու օրենսդրական դաշտ, այլ նաեւ լիցենզավորման խնդիրն է լուծելու: Ինչպես գիտեք, օրենքը սահմանափակում է մասնավոր անձանց թիկնապահների թիվը մինչեւ 3 հոգի: Ընդ որում, օրենքը պահանջում է, որ անխտիր բոլոր թիկնապահները, անկախ այն բանից, թե ում անվտանգությունն են նրանք ապահովում, պետք է ներկայացնեն լիցենզավորված կազմակերպություններ: Օրենքը նաեւ սահմանում է, որ այս հատուկ լիցենզավորված կազմակերպությունները պատասխանատվություն են կրում իրենց լիցենզիան ստացած թիկնապահների գործունեության համար»,- մեզ հետ զրույցում նշեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Կարապետյանը` մեկնաբանելով ոստիկանության այս նախաձեռնությունը:
Նրա խոսքով, այսօր ոստիկանությունը, որպես օրենքն իրականացնող լիազոր մարմին, փաստացիորեն մի տխուր իրականության առջեւ է հայտնվել, քանի որ պարզվում է, որ մասնավոր անձանց թիկնապահները նախորդ տարիներին տարբեր հնարքներով ձեռք են բերել ոստիկանության աշխատակիցների վկայականներ ու օրինական զենք կրելու իրավունք: «Նրանք իրենց այդ կարգավիճակն օգտագործել են՝ մասնավոր անձանց թիկնապահական ծառայություն մատուցելու նպատակով, ինչը արտառոց դրսեւորումներ է ստացել եւ առաջ բերել հասարակության արդարացի բողոքն ու դժգոհությունը: Պատահական չէ, որ «տեցի կռուգ»-ի եւ մի շարք այլ քրեական դրվագների մասնակցել են մասնավոր անձանց թիկնապահներ, որոնց ձերբակալելուց հետո պարզվել է, որ նրանք ոստիկանական ծառայության մեջ են»,- նշեց Կարապետյանն ու հավելեց. «Ուստի, ոստիկանությունը այսօր միանգամայն ճշգրիտ քայլեր է նախաձեռնել եւ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելն է ստուգում, թե այդ մարդիկ երբ եւ ինչպես են դարձել ոստիկաններ: «ՀՀ Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքը բավականին խիստ պահանջներ է սահմանել եւ ոստիկանությունը, իրոք, անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել, որ օրենքի կատարումը չձախողվի եւ զարտուղի ճանապարհներով ոստիկանի շինծու, որեւէ տեղ չգրանցված վկայականներ ստացած անձինք չկարողանան շրջանցել օրենքը»:
Կարապետյանն արձանագրել է, որ ոստիկանության իրականացրած քայլերը նաեւ կկանխեն, որ ոստիկանի կարգավիճակ ունեցող անձինք, առանց որեւէ լիցենզավորված կազմակերպությունից համապատասխան թույլատվություն ստանալու, շարունակեն զենք կրել եւ մասնավոր թիկնապահական գործունեություն կատարել: Արդյունքում, շատ ու շատ անձինք ուղղակիորեն կզրկվեն զինված անձնական բանակներ պահելու հնարավորությունից:





























