Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստանի Ազգային ժողովից որեւէ պատվիրակություն չի մեկնի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Դրան պետք է մասնակցեր  կամ ԵԽԽՎ, կամ ԵԱՀԿ հայկական պատվիրակությունների ներկայացուցիչներ, սակայն, օրինակ` ԵԱՀԿ հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը չի մեկնելու Վրաստան, որովհետեւ հոկտեմբերի 3-ին մեկնում է Ալբանիա` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը: ԵԱՀԿ հայկական պատվիրակության մյուս անդամները եւս չեն մեկնի Վրաստան: Բանն այն է, որ պատվիրակության անդամներից Ստեփան Դեմիրճյանը գտնվում է հետվիրահատական շրջաններում, Վարդան Օսկանյանը եւ Խաչիկ Հարությունյանը եւս չեն մեկնի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության քարտուղար Անահիտ Գասպարյանը: ԵԽԽՎ  հայկական պատվիրակությունից եւս ոչ ոք չի կարող մեկնել, քանի որ հոկտեմբերի 1-5 կլինի աշնանային նստաշրջանը:

Հիշեցնենք, որ  Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանական ընտրությունները նշանակել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին: Վրաստանի խորհրդարանի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2008 թվականին: