Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ներկայացնելով Երեւանի քաղաքային տնտեսության զարգացման ծրագրերն ու առաջնահերթությունները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունները զարգացման նոր որակ ու ընթացք կարող են ստանալ. «Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար եւ պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, այդ թվում նաեւ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության եզրեր գտնելու եւ դրանք երկուստեք զարգացնելու համար: Արտակարգ եւ լիազոր դեսպանը մեկ անգամ եւս վերահաստատել է Տարոն Մարգարյանին ուղղված Քուվեյթի մայրաքաղաք այցելելու Էլ-Քուվեյթի քաղաքապետի պաշտոնական հրավերը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:





























