Հնարավոր չէ գտնել որևէ քանակական չափորոշիչ, որպեսզի գնահատել այն վնասը, որը Ադրբեջանը հասցրել է Ղարաբաղին, Հայաստանին և ինքն իրեն՝ ուժի կիրառման և հայատյացության քաղաքականության պատճառով: Այդ մասին «Արմենպրեսի» հարցին ի պատասխան ասել է հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից ներկայացրած ֆինանսական պահանջները Հայաստանին:
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը ի պատասխան՝ Ադրբեջանը հայկական բնակչության մասսայական ջարդեր և էթնիկ զտումներ իրագործեց, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց, որը բերեց բազմաթիվ զոհերի, բնակավայրերի ավերման, ենթակառուցվածքների ոչնչացման և ԼՂՀ տարածքների մինչ օրս պահպանվող օկուպացիային»,- նշել է Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, այսօր, Ադրբեջանի ղեկավարությունը, հերոսացնելով կացինը ձեռքին գիշերային մարդասպանին, հրաժարվելով դիպուկահարների հետքաշումից, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումից, և շփման գծում սադրանքներ կազմակերպելով, պատասխանատվություն է կրում մարդկային կորուստների համար, յուրաքանչյուր սպանվածի համար՝ անկախ նրանց ազգությունից:
«Թվերի, միջազգային իրավունքի կամ տարածաշրջանի պատմության խեղաթյուրված մեքենայությունները չեն օգնի Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել պատասխանատվությունից՝ ինչպես հակամարտության բոլոր կողմերի կորուստների, այնպես էլ հակամարտության կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ միջնորդների ջանքերի նպատակամղված տորպեդահարման համար»,- ասել է Քոչարյանը:




























