Հալեպում կրակահերթի հետեւանքով զոհվել են Սիրիայի 4 քաղաքացիներ, այդ թվում մեկ հայ: Տասնյակ վիրավորների մեջ կան նաեւ մեկ հայուհի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:
Նրա խոսքով, հրաձգությունը տեղի է ունեցել Սուլեյմանիե թաղամասում, որտեղ գտնվում է Գյուլբենկյան Ազգային սեմինարիան. «Զոհված հայը Վարդան Մութաֆյանն է, ով ռազմական գործողություններից խուսափելու նպատակով Դեյր-էզ-Զորից Հալեպ էր տեղափոխվել, սակայն, ցավոք, դա նրան չի փրկել»: Ինչ վերաբերում է վիրավոր հայուհուն` Յարնիկ Նաջարյանին, ապա նա հիվանդանոցում է գտնվում` բժիշկների հսկողության ներքո: Ռեիսյանի խոսքով, նրա կյանքին վտանգ չի սպառնում :
Իր հերթին սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը հայտնել է, որ ահաբեկիչները ականանետից կրակ են բացել «Դամասկոս» դպրոցի մոտակայքում , ինչի հետեւանքով վիրավորվել է 10 խաղաղ բնակիչ, որոնցից մի քանի ծանր վիճակում են գտնվում: «Դամասկոս» դպրոցը գտնվում է Գյուլբենկյան հայկական սեմինարիայի անմիջական հարեւանությամբ:





























