Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այդքան շատանում են լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու մասին պտտվող լուրերը:
«Բնականաբար այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի զբաղվել եւ չի զբաղվի քաղաքական առեւտրով»,-նշել է Շարմազանովը: Նրա խոսքով, ներկայումս իշխող կուսակցության առաջ երկու խնդիր է դրված. ռեֆորմներ իրականացնել այն ոլորտներում, որոնք նշել է երկրի նախագահը, մինչեւ տարվա վերջ ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, ինչպես նաեւ շարունակել իրականացնել կաշառակերության դեմ պայքարը: Երկրորդ` պատրաստվել համագումարին, որտեղ կորոշվի իշխող կուսակցության նախագահի թեկնածուն. «Ինչպես բոլորը հասկանում են, իշխող կուսակցության թեկնածուն կլինի գործող նախագահ Սերժ Սարգսյանը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ներկայումս ՀՀ քաղաքական ետնաբեմում քննարկվում է 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցը: Թե ո՞ր ուժերն են մասնակցում այս քննարկումներին, ի՞նչ ֆորմատով են դրանք ընթանում, արդյոք աոաջին դեմքերի մակարդակով, կոնկրետ տեղեկատվություն չի փոխանցվում:
«Փոխարենը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեր աղբյուրները հայտնում են, որ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցը դրված է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի սպասվող բանակցությունների օրակարգում»,-գրում է «Հայկական ժամանակ» թերթը։




























