Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ընդունել է Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին եւ գոհունակություն հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում արձանագրված դինամիկայի կապակցությամբ, որն արտահայտվում է նաեւ բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակիությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:

ԵՄ հանձնակատարը համակարծիք է եղել, որ պարբերական հանդիպումները հնարավորություն են ընձեռում հանգամանորեն քննարկել համագործակցության օրակարգը եւ հաջորդ՝ ավելի բարձր մակարդակի հասցնել երկկողմ հարաբերությունները: Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ մեր երկիր է ժամանել այն հստակ համոզվածությամբ, որ Հայաստանը միանշանակ է տրամադրված ինտեգրման գործընթացում Եվրոպական միությանն ավելի մոտենալու հարցում, եւ այժմ պետք է քննարկել կարողությունների շրջանակը, որը թույլ կտա բարեփոխումների օրակարգից անցնել կոնկրետ գործողությունների՝ հստակեցնելով, թե ինչպես Եվրոպական հանձնաժողովը կարող է օգտակար լինել այդ հարցում:

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման ուղղությամբ բանակցություններում զգալի առաջընթացը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, վկայում է հիմնական խնդիրների շուրջ կողմերի մոտեցումների ընդհանրության մասին: