Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորք կատարած այցի ընթացքում երկկողմանի հանդիպումներ է ունեցել:
Ինչպես հաղորդել են NEWS.am-ին ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից , ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվեցին անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրմանն առնչվող հարցեր: Նախարարները քննարկեցին նաեւ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումների օրակարգը:
Սլովենիայի ԱԳՆ-ի ղեկավարի` Կարլ Էրջավեչի հետ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ վերջին տարիներին երկկողմանի համագործակցությունը որակապես նոր մակարդակի վրա է բարձրացվել, ինչը նշանավորվել է երկրների ղեկավարների փոխայցելություններով, միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությամբ: Նախարարները մտքեր են փոխանակել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստան –Եվրոպական միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերն ու ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացը: Իր հերթին Կարլ Էրջավեչը տեղեկացրել է իր երկրի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը եւ դրա հետեւանքները հաղթահարելու նպատակով իրականացվող քայլերը:
Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են Թուրքմենստանի Նախագահի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, սեպտեմբերի 6-ին Երեւանում կայացած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի արդյունքները, միջազգային կազմակերպություններում համագործակցության, երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:
Արտգործնախար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ` Գրիգոլ Վաշաձեի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքին, երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակին:
Մոնտենեգրոյի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Նեբոյշա Կալդերովիչի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանը, գործարար կապերի խթանմանը, ապակենտրոնացված համագործակցությանը: Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին միմյանց մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրելու, ԱԳՆ-ների միջեւ համագործակցության մասին հուշագրի ստորագրելու վերաբերյալ:
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների պատվին Ֆրանսիաի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի կողմից տրված ընդունելությանը, որին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ՖՄԿ անդամ երկրների արտգործնախարարներ:




























