Հայաստանը նման է հաշմանդամի սայլակով  հաշմանդամի: Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ընդդիմադիր «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ,  Հայ ազգային կոնգրեսի անդամ Պետրոս Մակեյանը:

«Ընտրական համակարգը մեր պետության ողնաշարն է: Եվ այդ պատճառով, ցավոք, Հայաստանը նման է հաշմանդամի սայլակով հաշմանդամի: Երկրում ընտրական գործընթցաները ոչ միայն չեն զարգանում, այլ ամեն տարի ավելի արատավոր են դառնում, իսկ գլխավոր արատը` կաշառքն է»,-ասել է նա, ավելացնելով, որ ընտրությունների ժամանակ ամենակեղտոտ գործը կատարում են ոստիկանները եւ Ազգային անվտանգության ծառայությունները: Դրա վառ ապացույցն է Հայաստանի  երկրորդ քաղաքի` Գյումրիի  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որտեղ իրավապահ մարմինների անվան ներքո մուտքերի մոտ վերահսկողություն են սահմանել քրեական դեմքեր` վախեցնելով ընտրողներին: Վերջիններս վախի ոլորտում, բնականաբար, ճիշտ ընտրություն չեն կատարել, որը նրանք նախատեսել էին:

Մակեյանի խոսքով, չի կարելի թերագնահատել տեղական ինքնակառավարման  ընտրությունները: «Այո, դժվար է կառավարել մի ամբողջ երկիր, սակայն, համաձայնեք, առավել դժվար է ղեկավարել գյուղ կամ քաղաք»,-նկատել է «Ժողովրդական հայրենիք» կուսակցության ղեկավարը, ավելացնելով, որ եթե հաջորդ ընտրություններին գործի չդրվեն  կաշառքն ու ընտրողներին  վախեցնելը, ապա օրինական ընտրական գործընթացի հնարավորություն կա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին եւ 23-ին Հայաստանի բազմաթիվ շրջաններում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցում ընդդիմադիր ուժերը, ավանդույթի համաձայն, ակտիվ մասնակցություն չեն ցուցաբերել: