2011 թ. պետական բյուջեի ծախսերի 26%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Կատարված հատկացումները կազմել են մոտ 256.2 մլրդ դրամ՝ ապահովելով 94.7% կատարողական: Սա բյուջետային ամենախոշոր ծախսային հոդվածն է:
Թերակատարվել են ընտանեկան նպաստի, միանվագ դրամական օգնության ու ապահովագրական (ծերության) կենսաթոշակների հատկացումները: Իրականացված վարչարարական միջոցառումների եւ բարեփոխումների ծրագրի շնորհիվ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ, խնայողությունները կազմել են մոտ 18 մլրդ դրամ:
2010 թ. համեմատ սոցիալական պաշտպանության ծախսերն ավելացել են 4.9%-ով կամ 12 մլրդ դրամով, հիմնականում պայմանավորված կենսաթոշակների աճով:
Կենսաթոշակների ծախսերը կազմել են 159 մլրդ դրամ, որոնք կատարվել են 97.8%-ով` պայմանավորված ինչպես կենսաթոշակառուների թվաքանակի կրճատման, այնպես էլ վարչարարության ուժեղացման հետ; 2010 թ. համեմատ նշված ծախսերն աճել են 7.6%-ով կամ 11.2 մլրդ դրամով` պայմանավորված կենսաթոշակների վերահաշվարկով. հիմնական կենսաթոշակի չափը 2010 թ. նոյեմբերի 1-ից սահմանվել է 10500 դրամ` նախկին 8000 դրամի փոխարեն:





























