ՈՒՀԱ-ի նշանավոր` «Լեյտենանտ Շմիդտի որդիները» թիմի կապիտան Գրիգորի Մալիգինը մահացել է սրտի կաթվածից: Նման եզրահանգում են արել փորձագետները բժշկական փորձաքննությունից հետո: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ նշանավոր շոումենի մարմինը արյան մեջ է հայտնաբերվել: Այս տեղեկատվությունը հանգեցրել է նրա մահվան շուրջ քրեական հնարավոր պատճառների լուրերին:
Մալիգինի այրին Life News-ին հայտնել է, որ պաթոլոգաանատոմների եզրահանգմամբ, ամուսինը մահացել է սրտի սուր անբավարարությունից: Մարմնի զննման ժամանակ փորձագետները ֆիզիկական ոչ մի վնասվածք չեն հայտնաբերել:
«Ենթադրվում է, որ նա խոհանոց է գնացել ծխելու, որտեղ էլ ընկել եւ մահացել է»,-պատմել է այրին: Որոշ տվյալներով, մահից մեկ շաբաթ առաջ Մալիգինը բողոքել է կրծքավանդակի ցավերից, սակայն բժշկի չի դիմել:
Գրիգորի Մալիգինը 1996-2008 թթ-ը եղել է «Լեյտենանտ Շմիդտի որդիները» թիմի գեղարվետսական ղեկավարն ու կապիտանը: Թիմը ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում չեմպիոն է դարձել 1998 թ-ին, սուպեր-չեմպիոն` 1999 եւ 2001 թթ-ին: 2008 թ-ից Գրիգորի Մալիգինը ղեկավարել է «Լեյտենանտ Շմիդտի որդիները» գեղարվեստական միավորումը, հանդես է եկել տարբեր համերգներում եւ մասնավոր հավաքույթներում:




























