Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են երկու հայկական մայրաքաղաքների միջեւ կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր:

 Նախագահ Սահակյանը նշել է, որ հսկայական ներուժ պարունակող Հայաստանի մայրաքաղաքի հետ հարաբերությունների զարգացումը մեծապես կնպաստի ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաեւ ողջ Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացին: Այս համատեքստում Նախագահը ողջունել է Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ համագործակցության պայմանագրի ստորագրումը՝ այն որակելով իրավական անհրաժեշտ հիմք հետագա փոխգործակցության համար:

 Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Նորք- Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանին:

Հանդիպմանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, պաշտոնատար այլ անձինք: