«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրն՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհուրդից: «Միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են եւ զուրկ որեւէ իրավական հիմնավորումից:

Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը»,- ասված է քաղաքական խորհրդի հայտարարության մեջ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նաեւ իր անվերապահ աջակցությունն է հայտնում համակուսակցին եւ պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգմանը: Հայտարարության մեջ ասված է նաեւ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հարցերում նման մեթոդների կիրառումը: