Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին եւ ընդգծել, որ Հայաստանում նրան ընդունում են, որպես անկեղծ եւ մեծ բարեկամի, ով 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր մեր ժողովրդի կողքին է: Հայ ժողովուրդը, հանրապետության ղեկավարի խոսքով, երախտապարտ է իր բոլոր բարեկամներին, այդ թվում՝ Եվգենի Կիսինին եւ մշտապես ուրախ է հյուրընկալել նրանց Հայաստանում:

Սերժ Սարգսյանը նշել է, որ տաղանդավոր մարդիկ նաեւ մեծ ավանդ են ունենում ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

Ի նշան հայ ժողովրդի երախտագիտության, Սերժ Սարգսյանը Եվգենի Կիսինին պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման, ինչպես նաեւ Հայաստանում 1988թ. տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Եվգենի Կիսինը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ բարձր պարգեւի եւ ջերմ խոսքերի համար: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի կազմակերպիչներին ու աջակիցներին՝ ընդգծելով, որ աշխարհի հեղինակավոր մենակատարների եւ նվագախմբերի ունկնդրած երեւանյան հանդիսատեսը, իրոք, արժանի է լավագույն երաժշտության: