Սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ կազմակերպել էր «Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այս տարի ԻԱԿ-ը հատուկ «Ոսկե բանալի» շնորհեց ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը` «Բաց կառավարման գործընկերության (Open Government Partnership) միջազգային նախաձեռնությանը ՀՀ անդամակցության եւ ՀՀ Գործողությունների ծրագրի մշակման եւ ներկայացման աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»:
Մրցանակն ընդունեց Բաց կառավարման գործընկերության ՀՀ միջգերատեսչական խմբի նախագահ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Շնորհակալական խոսքում փոխնախարար Հովակիմյանը շեշտեց ԲԿԳ նախաձեռնության կարեւորությունը Հայաստանում կառավարման թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման համար, ինչպես նաեւ անդրադարձավ նախաձեռնության շրջանակներում պետական գերատեսչությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ արդյունավետ աշխատանքին:
Հայաստանն անդամակցել է ԲԿԳ նախաձեռնությանը 2011 թ.-ի հոկտեմբերին, իսկ 2012 թ.-ի ապրիլին ներկայացրել նախաձեռնության շրջանակներում իր Գործողությունների ծրագիրը:





























