21 տարի է անցել Սովետական Միության անկումից: Այս 21 տարիների ընթացքում մեր պատմական հայրենիքի փոքր մասում հիմնադրեցինք երկու հայկական պետություններ, որոնք իրենց Սահմանադրությունների մեջ ամրագրեցին ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կարգը: Սակայն այդպես էլ մենք չկարողացանք իրագործել այն: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի` Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում արվելիք հայտարարության մեջ:

«Ցավալի է, բայց Հայաստանը հեռու է ինքնիշխան լինելուց: ժողովրդավարական ղեկվարման փոխարեն բռնապետական կարգեր են տիրում:

Սոցիալական արդարությանը փոխարինում է օլիգարխիայի կողմից փշրանքների տեսքով կեղծ բարեգործությունը եւ պետության կողմից իրականացվող անբարո սոցիալական քաղաքականությունը` խայտառակ չափի թոշակների, նպաստների եւ նվազագույն աշխատավարձի տեսքով»,- նշել է Փոստանջյանն հավելել. «Իրավական պետության փոխարեն գործում է համատարած անպատժելիության մթնոլորտ, իրավապահ մարմինները օգտագործվում են` գործադիր ղեկավարման կողմից անարդարացի, անբարո եւ նույն իշխանությունը վերարտադրելու նպատակով: Պարբերաբար օգտագործվում են զինված ուժերը` քաղաքական նպատակներով եւ դատական համակարգը հիմնականում սպասարկում է բռնապետության պահանջները»:

Վերջինիս խոսքով, այս արատավոր համակարգը մեզ պարտադրվեց 90-ական թվականների սկզբին եւ այդ ժամանակվանից  ի վեր մեր երազների հայրենիքում  չենք կարողանում հաստատել ապրելու մեզ հարիր կարգեր:

«Սա է այսօրվա իրականությունը: Շատերն են հարց հղում` իսկ ի՞նչ է լինելու, ո՞րն է վերջը, այլեւս ոչինչ հնարավոր չէ փոխել, մենք հույսներս կորցրել ենք:

Սիրելի հայրենակիցներ,

Ուզում եմ հիշեցնել, որ մենք շատ ենք, մենք են մեծամասնությունը, բռնապետը մեկն է, օլիգարխները` մի քանի տասնյակ, հանցագործ ոստիկանները, դատախազները, ազգային անվտանգության աշխատակիցները, պետական բյուջեից յուրացումներ իրականացնող պաշտոնյանները կարող են լինել շուրջ հարյուրը: Նրանք բոլորը արատավոր բռնապետական համակարգի գործիքներն են:

Ինչ պետք է անենք մենք` մեծամասնությունը.

Պարտավոր ենք ստանձնել հանձնառություն` վերացնել գործող արատավոր համակարգը, այն է`

• Իրականացնել սահմանադրական փոփոխություններ, որն իրենից ներկայացնում է հանրաքվեի միջոցով գործող բռնապետական-նախագահական ինստիտուտի վերացում, խորհրդարանական հանրապետական կարգի հաստատում, գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների իրական տարանջատում,

• գործարարության բացառում հանրային եւ պետական կառավարումից:

Այժմ մենք գտնվում են 2013 թվականին նախագահի պաշտոնին հավակնող մրցապայքարի փուլում: Բոլոր այն անձինք, ովքեր փորձառու բռնապետեր են եւ պատրաստվում են բռնապետության շարունակականությունն ապահովել, հայտնում ենք, որ  առնչվելու են լուրջ դիմադրության եւ ընդվզման:

Մենք` մեծամասնությունը,  2013 թվականի նախագահական ընտրությունները դիտարկում ենք մեր հայրենիքում որպես մեծ փոփոխությունների սկիզբ, իսկ «Ժառանգությունը»` ի դեմ Րաֆֆի Հովհաննիսյանի,  պատրաստ է որպես զինվոր առաջնորդել մեծ փոփոխությունների իրականացման գործընթացը»,- նշել է Փոստանջյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի