Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը չի ցանկանում որեւէ կերպ մեկնաբանել իր եղբոր`ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի ձերբակալման մասին տեղեկությունները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ոչ մի բանից տեղյակ չէ: «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, կներեք»,- ասաց նա: Հարցին,թե դուք չգիտեք, որ իրեն ձերբակալ են, քաղաքապետը պատասխանեց. «Հա, գիտեմ, բայց ես ի՞նչ կարող եմ ասել»:
Հայկազ Խաչիկյանը նշեց, որ դեռ փաստաբան չեն վարձել: Մեր մյուս հարցին, թե հավատում եք ձեր եղբոր անմեղությանը, նա պատասխանեց. «Ես տեղյակ չեմ ոչ մի բանից»:
Նման անպատասխան պատասխան էլ տվեց Վազգեն Խաչիկյանի կինը` «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա, լսելով իր ամուսնու անունը, ասաց. «Ոչ մի տեղեկատվություն, հաջողություն»:
Նշենք, որ ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին: Վազգեն Խաչիկյանին կասկածում են Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից), 178 հոդվածի 3-րդ մաս 1 կետ-ով , եւ 314 հոդվածի 1կետով հանցավոր արարք կատարելու մեջ
Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի խախտումներից հետո: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել եւ մոտ 500 էջանոց հաշվետվություն էր ուղարկել դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն էլ, ուսումնասիրելով իրականացված ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի գումար ու յուրացրել այն:





























