Իրանական լրատվական FARS գործակալությունը հավատացել է ամերիկյան երգիծական The Onion թերթում տպագրված «փուչիկին»: Գործակալությունը նյութ է հրապարակել, որում ասված է, որ ամերիկյան գյուղերի սպիտակամորթ բնակչության 77%-ը ավելի շուտ կողմ կքվեարկի Մահմուդ Ահմադինեժադին, քան` Բարաք Օբամային:
Ինչպես հաղորդդվում է The New York Times-ի կայքի The Lede բլոգում, տվյալներն իբրեւ թե ստացվել էին Gallup-ի հարցումների արդյունքում:
«Ահմադինեժադը, ի տարբերություն Օբամայի, լուրջ է վերաբերվում ազգային անվտանգության խնդիրներին, նա երբեք գեյ ցուցարարներին թույլ չի տա իրեն ցույց տալ. թե ինչպես ղեկավարել երկիրը», -մեջբերել էր The Onion-ը հարցման մասնակիցներից մեկի` Արեւմտյան Վիրջինիայի բնակիչ Դեյլա Սվիդերսկիի խոսքերը:
Ընդ որում, նշվում է, որ FARS-ը ոչ միայն վերահրապարակել է նյութը` ներկայացնելով որպես իր սեփականը, այլեւ փոխել է տեքստը: Հրապարակումից քիչ անց FARS-ի անգլերեն բաժնից նյութը հանվել է, բայց լուրը հասցրել են տարածել իրանական որոշ կայքեր, այդ թվում`Hayat-ը եւ Mehr-ը:
FARS-ում հոդվածի հրապարակումից հետո The Onion-ը նյութում տողատակ էր ավելացրել. «Այդ մասին ավելի մանրամասն կարդացեք մեր իրանական FARS մասնաճյուղում»,- գրում է lenta,ru-ն:
The Onion -ը աշխարհում հորինված նյութեր հրապարակող ամենահայտնի հրատարակչություններից է: Նախկինում եւս միջազգային շատ լրատվամիջոցներ լուրջ են ընդունել դրա հրապարակումները:





























