ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը  չի կարծում, որ ԲՀԿ-ի եւ Վարդան Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդի տարածած հայտարարությանը: «Ի՞նչ խնդիր կա, քաղաքական ուժ է եւ իր տեսակետն է արտահայտել: Դա քաղաքական հետապնդում չէ,  որովհետեւ այս տարիների ընթացքում նման գործընթացներ եղել են եւ չեն որակավորվել որպես քաղաքական: Բայց  իրենց թիմն է, երեւի, իրենց ռազմավարությունը ունեն եւ այդ կարծիքին են»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը:  Արձագանքելով այն խոսակցություններին, թե Վարդան Օսկանյանի դեմ այդ միջնորդությունը ներկայացվել է որպեսզի չեզոքացնեն նրան որպես նախագահի թեկնածու, Գալուստ Սահակյանն ասաց.« Չեմ կարծում, որ Հայաստանում մեկն ու մեկի մտքով անցել է, կամ մեկն ու մեկը արտահատվել է, որ ինքը նախագահ պետք է դառնա: Յուրաքանչյուր քաղաքացի կցանկանա նախագահ դառնալ, ի՞նչ է, բոլորին ձերբակալո՞ւմ են»:

Գալուստ Սահակյանը չցանկացավ ասել իրենք կողմ, թե դեմ են քվեարկելու դատախազի միջնորդությանը` պատճառաբանելով, որ դա փակ գաղտնի քվեարկություն է եւ պատշաճ չէ, որ որեւէ մեկը կանխավ որեւէ տեսակետ արտահայտի: «Իհարկե, մենք կուսումնասիրենք, այս պահին էլ ենք ուսումնասիրում նյութերը, բայց միայն ուսումնասիրություն, որովհետեւ  դա փակ գաղտնի քվեարկություն է: Չի կարելի ուղղորդելու նպատակով հայտարարություններ անել»,- պատճառաբանեց Գալուստ Սահակյանը: Հարցին, թե հնարավոր է, որ երկուշաբթի օրը ԲՀԿ-ի ներկայացրած հակափաստարկներից հետո նախնական որոշման փոփոխություն տեղի ունենա, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մարդը, որը տվյալ բանաստեղծությունը չգիտի, ինչպես կարող է անգիր արտասանել: Այդ հակափաստարկները կլինեն, այդ ժամանակ էլ եզրահանգման կգանք: Խնդիրը այն է, որ բոլորն էլ կցանկանան, որ Օսկանյանը մեղավոր չլինի: Բայց դա քաղաքական գործիչների խնդիրը չի, այլ համապատասխան լիազոր մարմնի: Օսկանյանն էլ պետք է նյութերը այնպես  ապացուցելի դարձնի, որ մեղադրանք չլինի: Բոլորս էլ ուզում ենք, որ բոլոր մարդիկ սրբորեն ապրեն եւ մեղադրյալներ ու մեղավորներ չլինեն»:

Ինչ վերաբերում է  մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, թե նախատեսված է Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը այդ հանդիպման մասին տեղեկություներ չունի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրն՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: Այս մասին NEWS.am -ին հայտնել էին Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհուրդից: «Միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են եւ զուրկ որեւէ իրավական հիմնավորումից»,- ասված էր հայտարարության մեջ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի