Երեւանում տեղակայված արագաչափերը սերտիֆիկացված չեն: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ՝ արագաչափերը արտադրված են Գերմանիայում՝ «Ջենոոփթիք Ռոբոտ» ընկերության կողմից, մոդելն է MR S580: Այսինքն՝ սրանք մուլտիռադարներ են, սակայն լավագույն մոդելը չեն, քանի որ անճշտության մակարդակը 3 կմ/ժամ է: Սա նշանակում է, որ վարորդը կարող է ենթարկվել պատասխանատվության՝ արագության վերազանցում թույլ չտալու պարագայում: Օրինակ՝ մեքենան ընթանում է 78 կմ/ժամ արագությամբ, բայց վարորդին, արագաչափի ցուցմունքի հիման վրա, տուգանում են 80 կմ/ժամը գերազանցելու համար:
Է. Հովհանիսյանն ասաց, որ այլ երկրներում կիրառում են ավելի կատարյալ՝ MR SD 580 մոդելը, որի անճշտության աստիճանը 1 կմ/ժամ է:





























