Հայաստանի Հարնապետական կուսակցությունը դեռեւս չի կողմնորոշվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օասկանյանին քրեական գործին որպես մեղադրյալ ներգրավելու Գլխավոր դատախազի միջոնրդության հարցում: Այս մասին հայտնել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցի ընթացում: Ավելի վաղ հաղորդվել է, որ հոկտեմբերի 1-ին խորհրդարանը քննարկում է Գլխավոր դատախազի ներկայացրած` Վ. Օսկանյանին քրեկան գործին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը:
«Մենք դեռեւս չենք ստացել մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, բնականաբար, այս հարցով դեռեւս հստակ որոշում չի կայացվի»,-հայտնել է Սահակյանը: Նա նշել է, որ «խորհրդարանը քննչական մարմին չէ, նրա լիազորությունները այլ են»: Պարզապես հարցը հանրային հնչեղություն է ստացել, եւ բացի այդ, յուրաքանչյուր պատգամավորի առջեւ այս հարցում կողմնորոշվելու խնդիր է դրված, նշել է Գալուստ Սահակյանը: «Մենք չենք քննադատում Վարդան Օսկանյանին: Մենք դրա իրավունքը չունենք»: Նշենք, որ նիստին չի մասնակցում «ԲՀ»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է:
«Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից:




























