Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Աստանայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կազմակերպած սեմինարին, որը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին եւ 3-ին: Սեմինարին կմասնակցեն Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների, Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպության, Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական ասամբլեայի եւ այլ կազմակերպությունների 48 իրավաբաններ եւ այլ մասնագետներ:
Սեմինարը նվիրված է այն միջոցառումների դիտարկմանը, որոնք կարելի է ձեռնարկել ավելորդ տառապանքներ պատճառող արգելված զենքերի կիրառումը կանխարգելելու համար:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության մամուլի ծառայությունից, Հայաստանի Հանրապետության անունից մասնակցելու են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներ։ Սեմինարը կանցկացվի Ղազախստանի արտաքին գործերի նախարարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո։
Երկօրյա սեմինարի նպատակն է ուղիներ գտնել անդրադառնալու այն խնդիրներին, որոնք արգելված զենքերի կիրառումը առաջացնում է մարդկանց եւ շրջակա միջավայրի համար: Սեմինարի ընթացքում մասնագետները եւ իրավաբանները փորձի փոխանակում կկատարեն, ինչպես նաեւ ամփոփ կներկայացնեն իրենց երկրներում իրականացվող այն միջոցառումները, որոնք միտված են ապահովելու իրավական համապատասխան ակտերի կիրառումը:
Մասնակիցներին կառաջարկվի աշխատել խմբերով, որոնք կմշակեն զենքերի ավելցուկների վերացման, զենքի փոխանցման վերահսկման եւ պատժամիջոցների ուժեղացմանը վերաբերող առաջարկություններ։ Ընդունված առաջարկությունները իշխանությունների համար ծառայելու են որպես ուղեցույց` պատահարներ կանխելու, կարիքներին արձագանքելու եւ պատժամիջոցներ սահմանելու համար։





























