Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին Հայաստանի գլխավոր դատախազի միջնորդությունը ՀՀԿ-ԲՀԿ հակասության վկայություն չէ: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 1-ին, խորհրդարանական քննարկումների ընթացքում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա` ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն միասին երկար ճանապարհ են անցել, եղել են կոալիցիոն գործընկերներ: «Եթե ժամանակին Օսկանյանը իրավապահ մարմիններին ներկայացներ այն բացատրությունները, որոնք այսօր բարձրաձայնել է խորհրդարանում, բանը սրան չէր հասնի: Մի կողմից, խորհրդարանում ներկայացվել է գլխավոր դատախազի միջնորդությունը, մյուս կողմից` ԱԺ-ն լսել է Օսկանյանի բացատրությունները: Վարդան Օսկանյանին պետք է իր անմեղությունն ապացուցելու հնարավորություն ընձեռվի: Միաժամանակ համապատասխան մարմինները պետք է հնարավորություն ունենան հետեւողական լինել իրենց միջնորդության աջակցության հարցում», - ասել է Սահակյանը:
Նա նաեւ գործընկերներին կոչ է արել հերոսություն չանել այն պահերին, երբ հայտնվում են անհարմար կացության մեջ: Ըստ նրա` Օսկանյանին տվյալ պահին աջակցում են խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը, որոնք ժամանակին հայտարարել էին պատգամավորական անձեռնմխելիության վերացման անհրաժեշտության մասին: Խմբակցության ղեկավարը հայտնել է, որ նախքան Օսկանյանի հարցով քվեարկությունը, ՀՀԿ-ն եւս մեկ անգամ կքննարկի իր դիրքորոշումը:




























