Վրաստանի հայաբնակ Ջավախքում խորհրդարանական ընտրությունները կոպիտ խախտումներով են ընթանում: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց  «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայից Ախալքալակի մեծամասնական թեկնածու Նորայր Կարապետյանը, մինչեւ 14.00-ն ընտրությունները նորմալ են ընթացել: Սակայն դրանից հետո դրությունը կտրուկ փոխվել է` սկսվել են լցոնումներ եւ կրկնակի քվեարկություններ: 

Ըստ նրա` մի շարք ընտրատեղամասերում իշխող կուսակցության կողմնակիցները  կարողացել են հեռացնել մամուլին եւ վստահված անձանց: Գյուղերից մեկում ընտրատեղամասը շրջափակել է իշխող կուսակցության հարբած ամբոխը: «Զուգահեռաբար ոստիկանությունը ճնշում է գործադրում ընտրողների վրա` կոչ անելով քվեարկել «Միացյալ ազգային շարժման» օգտին», - եզրափակել է Կարապետյանը:

Անկախ եւ ընդդիմադիր վրացական լրատվամիջոցները նույնպես հայտնում են Վրաստանի ընտրությունների կոպիտ խախտումների մասին: «Info 9» գործակալությունը հայտնում է, որ   Ախալցխալայում «Միացյալ ազգային շարժման» երիտասարդական թեւի առաջնորդը քարոզչություն է ծավալել ընտրատեղամասերի մոտ: Անօրինական ակցիան համակարգել է նախկին դատախազ Իրակլի Բարձիմաձեն, որը վիրավորել է լրագրողներին: Ընդդիմադիր «9-րդ ալիք» եւ «Մաեստրո» ալիքները շարունակում են մանրամասն տեղեկացնել  ամբողջ երկրով մեկ զանգվածային խախտումների մասին,  այն ժամանակ, երբ պետական ալիքներով լուրերի թողարկման ընթացում պնդում են, թե լուրջ խախտումներ չեն գրանցվել:

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով` ժամը 17.00-ի դրությամբ` քվեարկության ավարտից 3 ժամ առաջ, ընտրություններին մասնակցել էին ընտողների 53%-ը: Վրաստանի 8-րդ գումարման խորհրդարանում լարված պայքար է ծավալվել Միխայիլ Սահակաշվիլիի իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության եւ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի միջեւ: