«Dell» ընկերությունը, որը ղեկավարում է Մայքլ Դելը, գտնվում է անցումային փուլում. PC-ի վաճառքը դանդաղում է, իսկ պոտենցիալ գնորդների ուշադրությունն ավելի շատ գրավում են սմարթֆոններն ու պլանշետները: Ընկերությունը, սակայն, չի թողնի PC-ների շուկան:
«PCWorld»-ին տված հարցազրույցում ընկերության ղեկավարը նշել է, որ «Dell»-ը մշտապես փորձել է արժեքներ ստեղծել սպառողների համար եւ լուծել նրանց խնդիրները: Հիմա եւս ընկերության խնդիրները նույնն են:
Նա պատմել է, որ անցած ամիս IFA –ում ներկայացված «XPS 10» պլանշետը «XPS»-ի վերջին նորույթն է: «Այդ սարքը նախատեսված է մեր հիմնական սպառողների` կոմերցիոն պրոֆեսիոնալների համար»,-ասել է նա:
«Մենք PC-ները դիտում ենք որպես ընդհանուր պատկերի մաս: Մենք նաեւ զարգացնում ենք օգտագործման համար անհրաժեշտ տեղեկատվության կառավարումը եւ տարբեր սարքերի միջեւ անվտանգությունը»,-նշել է նա:
«Dell»-ի ղեկավարը կարծում է, որ «Microsoft» ընկերության «Surface» պլանշետները սահմանափակ կլինեն` հաշվի առնելով միավորների թիվը, որոնք նրանք կարող են շուկա հանել: «Այն, ինչ անում է «Microsoft»-ը` «Windows 8»-ի արագ տարածման համար, «Dell»-ի կողմից դրական է գնահատվում: Սակայն մեր ձգտումներն ավելի քիչ են վերաբերում նրանց պլաններին, եւ ավելի շատ` «Dell»-ի հզոր արտադրանքի ստեղծմանը»,-ասել է Մայքլ Դելը:





























