Թբիլիսիում հազարավոր մարդիկ մինչեւ ուշ գիշեր տոնել են Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակը: Երբ հաղթանակը նման կերպ է ընդունվում, ապա պարզ է դառնում, որ այն իրական է, «Իզվեստիայում» «Միխայիլ Դեւելոպեր. The End» հոդվածում գրում է նշանավոր հաղորդավարուհի Թինա Կանդելակին:
Կանդելակիի կարծիքով, Սահակաշվիլին, երեւում է վստահ էր, որ ողջ կյանքում կքաղի իր առաջին հաջողության պտուղները, սակայն դա այդպես չէ: Ըստ նրա, Սահակաշվիլին արդեն Վրաստանին տվել է այն, ինչ կարող էր տալ:
Խոսելով Բիձինա Իվանիշվիլիի մասին` Կանդելակին նշում է, որ եթե Վրաստանի ամենահարուստ մարդը քաղաքականության մեջ է մտնում, ապա հաստատ ոչ` փող աշխատելու կամ սեփական հարցերը լուծելու համար: Նա մի մարդ է, ով նպատակ չունի գումար վաստակել քաղաքականության հաշվին, այլ ավելին, նա պատրաստ է ծախսեր անել:
Կանդելակիի կարծիքով Վրաստանում կառավարության փոփոխությունը երկրի համար ոչ թե մեկ քայլ ետ, այլ մեկ քայլ առաջ է լինելու, ինչի արդյունքում նոր Վրաստանի եւ Սահակաշվիլիի Վրաստանի միջեւ տարբերությունը տեսանելի է լինելու:
Կանդելակին գրում է, որ Վրաստանի արտաքին քաղաքականության վերաթարմացումը կարեւոր է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում. «վրացական նոր կառավարությունը այլեւս այնպիսի ալերգիա չի առաջացնի Կրեմլի մոտ, ինչպիսին Միշայի ժամանակ էր: Միշայի եւ Բիձինայի միջեւ տարբերությունը այն է, որ Բիձինան ոչ մեկին ոչինչ պարտք չէ` ոչ Ամերիկային, ոչ Ռուսաստանին»,-նշում է Կանդելակին:





























