Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը առաջիկայում կվերսկսի Sukhoi Superjet-100-ի շահագործումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել օդանավի արտադրող՝ «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերությունը, որում նշված է, որ «Արմավիայի» համաձայնեցվել են SSJ-100 շահագործման հարցերը։
«Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան «Газете.Ru»-ին հայտնել է, որ «Սուխոյ» ընկերությունից «Արմավիան» չի գնելու երկրորդ SSJ-100-ը, բայց համաձայնություն է ձեռք բերվել այն վարձակալությամբ շահագործելու մասին։ Վարձակալության ժամկետը վեց ամիս է։
Հիշեցնենք, որ առաջին SSJ-100-ը «Արմավիան» ձեռք էր բերել 2011թ. ապրիլի 19-ին, սակայն մեկ տարի անց ինքնաթիռը վերանորոգման կարիք է ունեցել։ Դրանից հետո «Արմավիան» հայտարարել է, որ հրաժարվում է երկրորդ SSJ-100-ից, եւ դրա փոխարեն գնելու է Airbus եւ Boeing ընկերությունների օդանավեր։
Նշենք, որ «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերությունը հույս ուներ «Արմավիային» վաճառել ընդհանուր առմամբ 6 SSJ-100։
Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ թողարկված Sukhoi Superjet-100-ն արդեն հասցրել են «վատ համբավ» ձեռք բերել։ Ամենախոշոր աղետը տեղի է ունեցել Ինդոնեզիայում։




























