Ընթացիկ տարվա հուլիսին մայրաքաղաքում բնակարանների առքուվաճառքի գործարքները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 5,4%-ով:

Բնակարանային շուկայում մոտավորպես հետեւյալ պատկերն է ձեւավորվել. հուլիսին  բնակարանների  1 քմ –ի արժեքը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  աճել է 0,7 հազ. դրամով:  Ընդ որում` բնակարանների  ամենամեծ գնաճն արձանագրվել է Շենգավիթ վարչական շրջանում, որը դժվար է համարել ամենագրավիչ թաղամասերից:

Այս շրջանում 1 քմ –ի արժեքն ավելացել է 14,7 հազ. դրամով: Այս պատճառով այդ շրջանում բնակարանների գների հարաբերակցությունը որոշակի փոփոխվել է մայրաքաղաքի ընդհանուր ցուցանիշի նկատմամբ: Եթե անցած տարվա հուլիսին այն կազմում էր 0,87, ապա ընթացիկ տարավա հուլիսին` մինչեւ 0,92:

Եւ հակառակը, գների փառահեղ անկում է արձանագրվել մայրաքաղաքի էլիտար Կենտրոն թաղամասում: Մեկ տարվա ընթացքում 1 քմ –ի արժեքը նվազել է 25,2 հազ. դրամով: Նման բախտի է արժանացել նաեւ բնակարանների բարձր գների առումով երկրորդ տեղն զբաղեցնող Արաբկիրը` 1,8 հազ. դրամով նվազում:

Հարկ է նշել, որ գնորդների թվում հիմա ավելի շատ է միջին շերտի ներկայացուցիչներ թիվը, քանի որ տեղական հարուստներն արդեն վաղուց ձեռք են բերել այն, ինչ անհրաժեշտ է:

Նշենք, որ բնակարանների շուկայում այս տեղաշարժերն արձանագրվում են   առեւտրային բանկերում քաղաքացիների ներդրումների գումարների ավելացման համապատկերում:

Չնայած գնանկմանը, ընթացիկ տարվա հուլիսին Կենտրոնում 1 քմ –ի արժեքը 1,6 անգամ գերազանցել է միջին քաղաքային ցուցանիշը:

Նշենք, որ Կենտրոնում բնակարանների գների անկման, իսկ Շենգավիթում գների ավելացման պարագայում, ընթացիկ տարվա հուլիսին այս երկու շրջաններում միջին գների հարաբերակցությունը գերազանցել է 1,7 անգամը` հօգուտ, բնականաբար. Կենտրոնի:

Հարկ է ենթադրել, որ առքուվաճառքի ոչ քիչ գործարքներ են իրականացվում արտարժույթով: Շատերին է  հետաքրքում բնակարանների  գների դինամիկան ` արտահայտված արտարժույթով: Ուստի ներկայացնում ենք Երեւանի համար ստանդարտ բնակարանի (63,1 քմ) միջին շուկայական արժեքը` արտահայտված դոլարով:

 

Ալբերտ Խաչատրյան