Տարածքային ամբողջականության սկզբունքը  Միջազգային իրավունքի միակ սկզբունքը չէ: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը` պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Գերմանիայի դիրքորոշման մասին հարցին:

«Գոյություն ունի նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը», հիշեցրել է դեսպանը` հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հարկավոր է հավասարակշռության մեջ պահել այս երկու հակասող սկզբունքները: «Հավասարակշռություն է անհրաժեշտ, քանի որ սկզբունքներից մեկի հաղթանակը նշանակում է մյուսի պարտությունը: Հավասարակշռությունը միակ ելքն է: Հենց այդպիսի մոտեցում ենք խորհուրդ տալիս կողմերին», - նշել է դիվանագետը:

Դեսպանը հիշեցրել է, որ Եվրոպան նման հակամարտությունների փորձ ունի` պատերազմներ, բազմաթիվ զոհեր, տարածքների կորուստ: «Այժմ Գերմանիան եւ Ֆրանսիան բարեկամներ են: Մենք խաղաղ ապրում ենք եւ տարածքների համար չենք վիճում: Նույնը Լեհաստանի հետ: Մեզ հաջողվեց Եվրոպայում ստեղծել քաղաքական հարաբերությունների նոր որակ», - նշել է դեսպանը: Դիվանագետը հատուկ ընդգծել է, որ հավասարակշռություն գտնելը բարդ է, բայց, այնուամենայնիվ, հնարավոր: «Անհրաժեշտ է ապագա կառուցել», - հիշեցրել է դեսպանը` նշելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Միաժամանակ դեսպանն ընդգծել է այն իրավիճակի լրջությունը, որում սահմանակից պետություններն են հակամարտում: Նրա խոսքով` կարգավորումը հիմնականում կողմերի ցանկությունից է կախված: «Մենք մեր կողմից կաջակցենք բարենպաստ հանգամանքների ստեղծմանը: Տարածաշրջանում շատ խաղացողներ կան, յուրաքանչյուրն իր շահերն է հետապնդում: Բայց անհնարին  ոչինչ չկա», - եզրափակել է դիվանագետը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի