Երեւանի փողոցներում տեղակայված արագաչափերի տեխնիկական չափանիշներն այսօր՝ հոկտեմբերի 3-ին քննարկման առարկա դարձան ՀՀ Ազգային Ժողովում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:
Հիշեցնենք, որ օրերս «Աքիլես» ավտովարորդների իրավունքների կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հայտարարեց, որ տեղակայված արագաչափերը սերտիֆիկացված չեն, իսկ չափման ճշտությունը +- 3 կմ/ժամ է: Պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՀՀ կառավարությանը հարց ուղղեց, թե որքանո՞վ այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
Ի զարմանս ներկաների՝ հարցին պատասխանեց ՀՀ վարչապետը, ասելով, որ ոստիկանությունից հավաստիացում է ստացել այն մասին, որ արագաչափերը նման մոտավորություն չունեն, ու սխալ տուգանքների ռիսկ չկա: Բոլոր դեպքերում՝ Տ. Սարգսյանը խոստացավ ծառայողական քննություն անցկացնել՝ պարզելու սերտիֆիկացման եւ ճշտության հարցերը: Վարչապետը նաեւ խոստացավ արագաչափերի տեղակայման հարցում մասնակից դարձնել հ/կ-երի ներկայացուցիչներին:





























