Ցավոք, մեր երկրի երկրորդ նախագահը Օսկանյանի գործով քաղաքական աստառ է տեսնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդվարդ Շարմազանովը` մեկնաբանելով  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը:

«Առաջին հերթին կարծում եմ, որ ցանկացած քաղաքական գործիչ, այդ թվում` նախկին նախագահը, այս կամ այն հարցի վերաբերյալ արտահայտում է  իր կարծիքը: Սակայն անկախ նախկին նախագահի կարծիքից` Հանրապետականի դիրքորոշումը  Օսկանյանի հարցի վերաբերյալ մնում է  նույնը»,-ասել է Շարմազանովը` նշելով, որ Օսկանյանի գործը բացառապես իրավական է եւ նա, առնվազն, տարօրինակ է համարում տվյալ հարցի քաղաքականացումը:

«Երկրորդը, ինձ համար մի քիչ տարօրինակ է, որ խոսելով մարդու իրավունքների պաշտպանության կամ մարդու իրավունքների մասին, հղում են կատարում  որեւէ քաղաքական ուժի կամ նրան ընտրազանգվածին: Ստացվում է, որ նրանց, ովքեր կայուն ընտրազանգված ունեն,  չի՞ կարելի քննադատել: Ես միայն ափսոսում եմ, որ իմ երկրի երկրորդ նախագահը դրանում քաղաքական աստառ է տեսնում: Այս հարցում մենք քաղաքական ենթատեքստից ելնելով չենք գործել, դա բացառապես իրավական հարց է»,-նշեց Շարմազանովը: