ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան CNN հեռուստաալիքին հայտնել է, որ Պենտագոնը որոշակի անհանգստությամբ հետեւում է Սիրիայի եւ Թուրքիայի սահմանային փոխադարձ գնդակոծություններին, սակայն «ներկայումս, ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ կրակոցները լայնամասշտաբ զինված հակամարտության կվերաճի»:

Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ Միացյալ Նահանգները հետեւում են իրադարձություններին, սակայն այս հարցով այժմ թուրք դաշնակիցների հետ ոչ մի ռազմական կամ չեն իրականացնում: Ըստ պաշտոնյայի՝ տեղ գտած ռմբակոծությունը պարզապես սահմանային պատահար է:

«Սա ավելի շատ նման է, որ Թուրքիան կարծես ասում է՝ հեյ, մեզ հետ գործ չունեք, ինչ որ տեղի է ունենում Սիրիայի ներսում, պահեք ձեր մոտ»,- ասել է բարձրաստիճան զինվորականը:

Նա կարծիք է հայտնել, որ երկու կողմերն էլ շահագրգռված են, որ տեղի ունեցածը ավելի լայնամասշտաբ հակամարտության չվերածվի: «Ինչ որ իմաստով, Թուրքիան ավելի շատ բան կկորցնի այդ դեպքում, քան Սիրիան: Թուրքիան արդեն, ի դեմս սիրիացի փախստականների, պոտենցիալ խնդիր ունի, իսկ պատերազմը ավելի կվատթարացնի այն: Սիրիան իր հերթին, այնքան խնդիրներ ունի, որ եւս մեկ խնդիր ավելացնելը, այդ երկրի կառավարության համար ցանկալի չէ»,- նշել է ամերիկացի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ թուրքական ԶԼՄ-ները հայտարարություն էին տարածել, որ Թուրքիայի զինված ուժերի Սիրիային սահմանակից Ուրֆա նահանգի հրետանային ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող որոշակի թիրախներին, այն բանից հետո, երբ հոկտեմբերի 3-ին, 15:30- ին Թուրքիայի Աքչաքալեյի այգիներից մեկում եւ 16:25-ին Աքչաքալեյի բանուկ փողոցներից մեկում հրետանու արկեր են ընկել, որոնք ըստ թուրքական լրատվամիջոցների պնդումների, արձակվել են Սիրիայի տարածքից:

ՆԱՏՕ-ն արդեն հայտնել է իր աջակցությունը Թուրքիային: