Բողոքի ինքնատիպ ակցիա է կազմակերպել իտալացի Մարչելո Դի Ֆինիցիոն` նա 30 ժամ անցկացրել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթին նստած:
Տղամարդը ծովափնյա բարերից մեկի տերն է, նաեւ զբաղվում է հովանոցների եւ լողափի աթոռների վարձակալմամբ։ Նա իր այդ քայլով որոշել է դեմ արտահայտվել Իտալիայի կառավարության ծրագրերին, որը ցանկանում է լիցենզավորում մտցնել ծովափնյա գործունեության ոլորտում, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Դի Ֆինիցիոն գմբեթի վրա պաստառ է տեղադրել, որի վրա գրված է եղել. «Օգնեցեք: Բավական է Մոնտի, բավական է Եվրոպա, բավական է ապազգային կորպորացիաներ»: Նա հայտարարել է, որ կհամաձայնի իջնել միայն այն դեպքում, եթե կառավարությունը խոստանա ծովափնյա առեւտրի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն գումարել:
Իտալացուն գմբեթից իջեցրել են Վատիկանի ժանդարմները, որոնք նրան կփոխանցեն իտալական իշխանություններին:











