Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում պարտվեց երկու պատճառով, կարծում է հայտնի վերլուծաբան Թոմ դը Վաալը:

Bloomberg-ում Վրաստանի խորհրդարանական ընտրություններին նվիրված հոդվածում վերլուծաբանը ներկայացնում է «Միասնական ազգային շարժման» պարտության պատճառները:

Նրա խոսքով` վերջին 9 տարիներին վրացական իշխանությունները բյուրոկրատիայի արդիականացման, մանր կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բնագավառում տպավորիչ բարեփոխումների են հասել:

Սակայն տնտեսական քաղաքականությունը շատ անհավասար էր բաշխված: Վրաստանում գործազրկության մակարդակը, ամենահամեստ գնահատականներով, 34% է: Բացի այդ, երկիրը ղեկավարող ոչ մեծ խումբը, դը Վաալի խոսքով, «մեծամտության սահմանը հատող» քայլեր էր ձեռնարկում»:

«Սահակաշվիլին հայտարարում էր խոշոր նախաձեռնությունների մասին. Օրինակ, Սեւ ծովի ափին կեսմիլիոնանոց քաղաքի ստեղծման, առանց լայն հասարակայնության կարծիքը հաշվի առնելու»,- գրում է վերլուծաբանը:

Իր հերթին Իվանիշվիլին արդեն Սահակաշվիլիին կոչ է անում հրաժարական տալ, թեեւ ըստ օրենքի նա կարող է նախագահական աթոռն զբաղեցնել ամբողջ 2013թ. ընթացքում:  «Մենք դեռ շատ քիչ բան գիտենք Իվանիշվիլիի` ընդամենը մեկ տարի առաջ քաղաքականություն մտած մարդու ծրագրերի մասին: Նրա կոալիցիայում  միավորող միակ հանգամանքն այն է, որ բոլորը դեմ են Սահակաշվիլիին: Նրա հետեւորդները երեք մասի են բաժանվում. Դեմոկրատորեն տրամադրված քաղաքաբնակներ (հիմնականում Թբիլիսիից), որոնք ավելի շատ ազատություն եւ Սահակաշվիլիի մենիշխանության վերացումն են ցանկանում:

Տնտեսապես անապահով քաղաքացիներ, հիմնականում գյուղական տեղանքից, որոնք ակնկալում են, որ Իվանիշվիլին իրենց աշխատատեղ կտրամադրի: Այդ մարդկանցից շատերը քսենոֆոբիական հայտարարություններ են անում` ներկա իշխանություններին մեղադրելով վրացական տնտեսությունը թուրքերին եւ մնացած այլազգիներին վաճառելու մեջ: Օրակարգում են նաեւ Վրացական ուղղափառ եկեղեցու սոցիալ-պահպանողական աշխարհայացքի հարցերը»,- գրում է դը Վաալը:

Ըստ նրա` չի կարելի անտեսել եւս մեկ խմբի` Վրաստանի միջին տարիքի սերնդին, որի ներկայացուցիչներն ակնկալում են աշխատանք գտնել պետկառույցում:

Առանցքային է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերության հարցը: «Վրաստանի բնակչության մեծամասնությունը Ռուսաստանի նկատմամբ ավելի պրագմատիկ վերաբերմունք ունի, քան կառավարությունը: Նրանք ընդունակ են Պուտինին զատել Ռուսաստանից: Պետք չէ մոռանալ, որ հազարավոր վրացիներ աշխատում են Ռուսաստանում»,- կարծում է դը Վաալը:

Նա ենթադրում է, որ ընտողներն ավելի շատ «մանր հարցերում» էին շահագրգռված, քան ռազմավարական խնդիրներում, ինչպիսին, օրինակ, ՆԱՏՕ-ին կամ Ռուսաստանին նախընտրելն է: