Թուրքիայի խորհրդարանը փակ նիստում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը անդրսահմանային բանակային գործողությունների, այդ թվում նաեւ` Սիրիայի նկատմամբ, անցկացման մեկ տարվա մանդատ է տրամադրել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Այն տրամադրելու հայցով օրենսդիր մարմին էր դիմել երկրի կառավարությունը` հոկտեմբերի 3-ին Սիրիայի սահմանին տեղի ունեցած միջադեպով պայմանավորված:

Նշենք, որ հոկտեմբերի 3-ին, 15:30- ին Աքչաքալեյի այգիներից մեկում եւ 16:25-ին Աքչաքալեյի բանուկ փողոցներից մեկում հրետանու արկեր են ընկել, որոնք ըստ թուրքական լրատվամիջոցների պնդումների, արձակվել են Սիրիայի տարածքից:

Երկրորդ արկի պայթյունից հետո, երբ մահացել է 5 հոգի, Աքչաքալեյի բնակիչները հարձակվել են  շրջանի կառավարական առաձնատան վրա: Ոստիկանությունը բնակիչների դեմ կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ:

Նշվում է, որ Ուրֆա նահանգի դիմաց՝ Սիրիայի Ռաքքի քաղաքի մոտակայքում 2 շաբաթից ի վեր բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի իսլամական զինված խմբավորումների միջեւ:

Թուրքական հրետանային մարտկոցները նույն օրը հրետակոծել են Սիրիային տարածքը, կան սպանվածներ: