Արտասահմանում ՀԱԿ-ի ներկայացուցչի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գաղտնի հանդիպման մասին տեղեկատվությունը լրագրողների հորինածն է: Այդ մասին այսօր`հոկտեմբերի 5-ին  խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀԱԿ-ի խորհրդարանականն խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշել է, որ Կոնգրեսը այս կամ այն կուսակցության հետ հանդիպումներ անցկացնելիս խնդիրներ չունի եւ դա արտասահմանում անելու անհրաժեշտությունը չկա. «Դա պարզապես հեքիաթ է: Մենք ոչ մի բարդույթ չունենք, ոչ մի խանգարող հանգամանք չկա, եւ կարող ենք հանդիպել ցանկացած կուսակցության ներկայացուցչի կամ առաջնորդի, նույնիսկ` Սերժ Սարգսյանի հետ, թեեւ նման ցանկություն մեզնից ոչ մեկի մեջ չի ծնվել եւ կարծում եմ երբեք չի էլ ծնվի»: 

Լրագրողների հարցին, թե արդյոք Լեւոն Տեր Պետրոսյանը Հայաստանում է, Մանուկյանը պատասխանել է, որ առաջին նախագահին  հանդիպել է երկու օր առաջ, եւ նա երկրում էր:

Հացին, թե արդյոք ՀԱԿ-ը կսատարի Գագիկ Ծառուկյանին իբրեւ նախագահի միասնական թեկնածու, Մանուկյանը պատասխանել է. «ՀԱԿ-ը չի սատարում իրենց առաջադրման մասին չհայտնած թեկնածուներին: Առայժմ ոչ մի թեկնածու էլ չկա»: