Եթե այդպիսի բան իրականում ասվել է, ապա նմապանատիպ, առնվազն տարակուսանք առաջացնող, արտահայտությունը ռեցիդիվ է Գամսախուրդիայի «Վրաստանը միայն վրացիների համար» քաղաքականության, որի դառը պտուղները առ այսօր վայելում է Վրաստանը: Այդ մասին նշվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հայտարարությունում:
«Մնում է հույս հայտնել, որ դա եվրոպական արժեհամակարգին հավատարիմ լինելու եւ ժողովորդավարությունը ամրապնդելու կարգախոսներով ընտրություններում հաղթած քաղաքական ուժի առաջնորդի լեզվի սայթաքում էր»,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ NEWS.am-ն ավելի վաղ հայտնել է, որ «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին չի հասկանում, թե Վրաստանում ինչու են հայեր ապրում: «Մենք` վրացիներս, այնքան տարօրինակ ենք, կապված ենք մեր հողին: Այդպիսին է մեր բնույթը: Օրինակ, մեզ մոտ հայեր են բնակվում. զարմանում եմ, հայրենիքը կողքն է, իսկ նրանք այստեղ են ապրում: Ձեր մեջ երեւի նման հարց չի ծագում: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես ապրել եմ Ֆրանսիայում, 1 տարի ԱՄՆ-ում, եւ սկսել էի երազիս իմ գյուղը տեսնել, իմ հողը...»,- ասել է նա:





























